Հյուսնի պատմությունը։ Վիլյամ Սարոյան

Լյուսի տատիս իմացած հեքիաթներին վերջ չկար: Ահա դրանցից մեկը, որն ապացուցում է, թե հուսահատությունը պարզապես անհեթեթություն է: Այս պատմությունը հյուսնի մասին է, ով ապրել է հարյուրավոր տարիներ առաջ: Օրերից մի օր, տուն վերադառնալիս, ընկերներից մեկը կանգնեցնում է նրան և հարցնում.

– Եղբայրս, դեմքդ ինչո՞ւ է թթված: Բա՞ն է պատահել: – Եթե իմ տեղը լինեիր, – պատասխանում է հյուսնը, – դու էլ այս օրին կլինեիր: – Ի՞ն չ է եղել, – հետաքրքրվում է ընկերը: – Մինչև առավոտ, – ասում է հյուսնը, – թագավորի հրամանով պետք է տասնմեկ հազար տասնմեկ հարյուր տասնմեկ գրվանքա փայտի լավագույն սղոցուքը տանեմ պալատ, թե չէ գլխիցս կզրկվեմ: Ընկերը ժպտում է և գրկում նրան, ասում է. – Սիրելի ընկերս, մի հուսահատվիր: Արի գնանք, ուտենք-խմենք և վաղվա մասին մոռանանք: Հույսդ երբեք մի կորցրու:

Գնում են հյուսնի տուն և տեսնում, որ նրա կինն ու երեխաները նույնպես լուրն առել են և լացուկոծ են անում: Ընկերը նրանց էլ է հորդորում, որ չվշտանան և բոլորը միասին սկսում են ուտել, խմել, ուրախ-ուրախ զրուցել, երգել ու պարել:

Խնջույքի կեսին հյուսնի կինը վերսկսում է. – Խեղճ ամուսինս, առավոտյան զրկվելու ես գլխիցդ, իսկ մենք զվարճանում ենք: – Ա՜խ, և ոչ մի հույս չկա: – Մի’ տանջվիր, – ասում է հյուսնը, – ամեն ինչ զուր է: Եվ շարունակում են ուտել, խմել, երգել ու պարել: Երբ լույսը ճեղքում է խավարն ու սկսվում է օրը, բոլորը լռում են՝ սարսափով ու վշտով համակված: Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը: Հյուսնը հառաչում է.

– Այժմ գնում եմ մեռնելու: Եվ բացում է դուռը: – Հյուսն, – ասում են հյուրերը, – թագավորը մեռել է: Նրա համար դագաղ սարքիր:

Առաջադրանքներ՝
Ա. Ո՞րն է ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը: Համաձա՞յն եք արտահայտված գաղափարի հետ:
Գաղափարը կայանում նրանում,որ ծանկացած դեպքում չպետք է հույսերս կորցնենք։Եվ ավելի ճիշտ էր ապրել հենց այս օրով, և ուրախանալ վայելել մեր ունեցած օրը, ոչ թե մտածել մեր ապագայի կամ անցյալի մասին։

Հիմնավորե՛ք:
Բ. Ի՞նչ կերպարներ կան ստեղծագործության մեջ: Ո՞ր կերպարի (կերպարների) բացակայության դեպքում ստեղծագործության ասելիքը չէր տուժի:

առանց թագավորի,հյուսի և իր ընկերու եթե այդպես նայենք ապա այս պատմությունը իմաստ չէր ունենա, եթե նույնիսկ մի հոգի բացակայեր։

Համո Սահյան, Մեր լեզուն


Մեր լեզուն

Մեր լեզուն մեր խիղճն է դա,
Սուրբ հացը մեր սեղանի,
Մեր հոգու կանչն է արդար 
Ու համը մեր բերանի:

Մեր լեզուն ծուխն է մեր տան,
Մեր կշիռն աշխարհի մեջ,
Նա աղն է մեր ինքնության,
Էության խորհուրդը մեր:

Մեր լեզուն արյունն է մեր,
Արյունից ավելի թանկ,
Մեր բուրմունքն ու գույնն է մեր,
Մեր լեզուն մենք ենք որ կանք:

Նա պիտի մեր առաջին 
Ու վերջին սերը լինի,
Ի՞նչ ունենք էլ աշխարհում,
Որ այսքան մերը լինի:

Կարդում ենք արևմտահայերեն, առակներ (տեսանյութներ)

ԵՐԵՔ ՀԱՐՈՒՍՏ

Երեք հարուստ կը վիճին ու վէճը հարթելու համար կ՚երթան Խիկար
իմաստունին քով.
—Մենք եկած ենք գիտնալու, թէ մեզմէ ո՞վ հարուստ է։
—Դու՛ն խօսիր,— կը դիմէ իմաստունը առաջին մարդուն։
—Ես ոսկիի ու արծաթի, տուն ու տեղի, ունեցուածքի եւ արտ ու դաշտի տէր
եմ, հարստութեանս չափ ու սահման չկայ։
—Հիմա ալ դո՛ւն խօսէ տեսնենք,—կը դիմէ երկրորդին։
—Ես թէեւ թագաւորին զօրապետն եմ, բայց իրմէ երեք անգամ աւելի
հարուստ եմ։
—Իսկ դո՛ւն ինչ կ՚ըսես,— կը դիմէ Իմաստունը երրորդին։
—Ի՞նչ ըսեմ։ Ես ո՛չ պաշտօն ունիմ, ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ, ո՛չ ալ արտ ու
դաշտ։ Ես գիտուն մարդ մըն եմ, ունեցած-չունեցածս գլխուս մէջն է։
Երեքը լսելէն յետոյ Խիկար Իմաստուն կ՚ըսէ.
—Ձեզմէ ամէնէն հարուստը գիտունն է. անոր հարստութիւնը մնայուն ու
անվերջանալի է եւ ոչ ոք կրնայ զայն խլել անկէ…։

ԻՆՉՊԷՍ ՉԱՓԵՍ, ԱՅՆՊԷՍ ԱԼ ԿԸ ՉԱՓՈՒԻՍ

Տղայ մը օր մը կը զայրանայ իր ծերացած հօրմէն, զայն կ՚առնէ ուսին, կը
տանի անտառ մը, հոն կը ձգէ ու տուն կը դառնայ։
Տարիներ ետք կ’ամուսնանայ, որդի մը կ՚ունենայ, կը խնամէ ու կը մեծցնէ
զայն։ Սակայն, այս տղան ալ հօրը պէս երախտամոռ* կ՚ըլլայ։
Օր մըն ալ, երբ ասոր ալ սիրտը կը նեղուի, կ՚առնէ հայրը ուսին ու սարն ի
վեր կը բարձրանայ։
—Տղա՛ս, զիս հոս ձգէ ու ե՛տ գնա,— կ՚ըսէ հայրը։
—Իսկ ինչո՞ւ ճիշդ հոս,— կը հարցնէ տղան։
—Ես հայրս մինչեւ այս ծառն եմ բերած,— կը պատասխանէ հայրը հոգոց
հանելով։

Կարդում ենք արևմտահայերեն, առակներ (թարգմանություն)

ԱՌԻՒԾԸ ԵՒ ՄԱՐԴԸ (արևմտահայերեն)
Զօրաւոր առիւծ մը, որ նստած էր ժայռի մը վրայ, կը տեսնէ որ գազանները
սարսափահար կը վազէին։ Առիւծը կը հարցնէ, թէ ինչո՞ւ կը փախէին եւ
որմէ՞ կը վախնային։
—Դուն ալ փախիր,- կ’ըսեն,- որովհետեւ մարդը կու գայ։
—Ո՞վ է մարդը,- կը հարցնէ Առիւծը,- եւ ի՞նչ է անոր ուժը, որ կը փախիք
անկէ։
—Կու գայ եւ քեզի ալ կը վնասէ,- կ’ըսեն։
Իր ուժերուն վստահ՝ Առիւծը կը մնայ իր տեղը։ Եւ ահա կու գայ հողագործ
մարդ մը։
—Եկուր կռուինք,- կ’ըսէ հպարտ Առիւծը։
—Շատ լաւ,- կ’ըսէ մարդը,- բայց քու զէնքերդ հետդ են, մինչ իմիններս
տունն են։ Քեզ կապեմ, որպէսզի չփախիս, իսկ ես երթամ եւ բերեմ զէնքերս,
որպէսզի կռուինք։
Առիւծը կ’ըսէ.
—Երդում ըրէ, որ պիտի գաս եւ ես կ’ընդունիմ ըսածդ։
Մարդը երդում կ’ընէ եւ Առիւծը կը համաձայնի կապուիլ։
Մարդը կը հանէ պարանը եւ Առիւծը պինդ կը կապէ կաղնիի ծառին, ապա
ծառէն կը կտրէ հաստ ճիւղ մը եւ կը սկսի զարնել Առիւծին։
Առիւծը կը գոչէ.
—Աւելի զօրաւոր եւ անխնայ զարկ կողերուս, որովհետեւ այս խելքիս միայն
այսպիսի ծեծ կը վայելէ։

Առյուծը և մարդը 
Զորավոր առյուծը, որ նստած էր ժայռի վրա,տեսնում է որ գազանները սարսափահար վազում էին։Առյուծը հարցնում է, ինչու՞ են փախնում և ումից ես վախենում։
-Դու էլ փախիր,-ասում են- որովհետև մարդը գալիս է ։
—Ո՞վ է այդ մարդը,-հարցնում է Առյուծը,-և ինչ է նրա ուժը, որ փախնում էք իրենից
-Կգա և քեզ կվնասի-ասում են
Իր ուժերին վստահ առյուծը մնում է իր տեղը։Եվ գալիս է հողագործ մի մարդ։
-Դու եկար արդեն-ասում է հպարտ առյուծը
-Շատ լավ,-ասում է մարդը,- բայց քո զենքերդ քո մոտ են, մինչ իմ զենքերը տանն են։Քեզ կապեմ,որպեսզի չփախչիս, իսկ ես գնամ և բերեմ զենգերս, որպեսզի կռվենք
Առյուծը ասում է․
-Երդվիր,որ կգաս և ես կնդունեմ քո ասածը։
Մարդը երդվում է և առյուծը նույնպես համաձայնվում է։
Մարդը հանում է պարանը և Արյուծին կապում կաղնիի ծառից, ապա ծառն կրտում է հաստ ճյուղերի և Առյուծը սկսում է զայրանալ։
Առյուծը գոչում է․
-Ավելի զորավոր և անխնա խփիր իմ կողմերին , որովհետև այս խելքից միայն այսպիսի ծեծն է ինձ արժանի։

ԻՆՉՊԷՍ ՉԱՓԵՍ, ԱՅՆՊԷՍ ԱԼ ԿԸ ՉԱՓՈՒԻՍ (արևմտահայերեն)

Տղայ մը օր մը կը զայրանայ իր ծերացած հօրմէն, զայն կ՚առնէ ուսին, կը
տանի անտառ մը, հոն կը ձգէ ու տուն կը դառնայ։
Տարիներ ետք կ’ամուսնանայ, որդի մը կ՚ունենայ, կը խնամէ ու կը մեծցնէ
զայն։ Սակայն, այս տղան ալ հօրը պէս երախտամոռ* կ՚ըլլայ։
Օր մըն ալ, երբ ասոր ալ սիրտը կը նեղուի, կ՚առնէ հայրը ուսին ու սարն ի
վեր կը բարձրանայ։
—Տղա՛ս, զիս հոս ձգէ ու ե՛տ գնա,— կ՚ըսէ հայրը։
—Իսկ ինչո՞ւ ճիշդ հոս,— կը հարցնէ տղան։
—Ես հայրս մինչեւ այս ծառն եմ բերած,— կը պատասխանէ հայրը հոգոց
հանելով։


Կազմող եւ մշակող՝ Արմէն Սարգիսեան
Արեւելահայերէնէ արեւմտահայերէնի վերածեց՝ Արթուր Անդրանիկեան

Ինչպես չափես այնպես էլ կչափվես
Տղան մի օր կզայրանա իր ծերացած հոր վրա, կվերցնի ուսերի վրա, կգնա անտառ, կթողնի այնտեղ և հետ կվերադառնա։ Տարիներ հետ կամուսնանա, որդի կունենա, կխնամի ու կմեծացնի իրեն։ Օր կլինի, որ նրա սիրտը նեղվի, հորը կառնի ուսին և սարը կբարձրանա։
-Տղաս, ինձ իջեցրու ու ետ գնա-ասում է հայրը
-Իսկ ինչու հենց այստեղ,-հարցնում է տղան
-Ես հորս մինչև այստեղ եմ բերել, — պատասխանեց հայրը հոգոց հանելով

ՈՒԽՏԱՒՈՐ ԱՂՈՒԷՍԸ (արևմտահայերեն)
Օր մը Աղուէսը կ՚ ըսէ Աքլորին.
-Ի՜նչ աղուոր ու անոյշ կ’երգես, ո՜վ Աքլորիկ։ Երանի՜ գիշեր-ցերեկ հոս
նստէի ու անոյշ ձայնդ լսէի։ Ափսո՜ս, որ վաղուընէ պիտի զրկուիմ քեզ
լսելու հաճոյքէն. մեղաւորս Սուրբ Կարապետ ուխտի պիտի երթայ։
Սիրունի՛կ Աքլոր, կը խնդրեմ զիս հաւնոց առաջնորդէ, որպէսզի մեղքերուս
համար թողութիւն խնդրեմ հաւերէն։
Այս քաղցր խօսքերէն Աքլորին սիրտը կը կակուղնայ ու ան կ’ըսէ.
-Երթանք, քեզի ցոյց տամ հաւանոցը:
Աղուէսը Աքլորին ետեւէն կը մտնէ հաւաբուն, կը խեղդէ բոլոր հաւերը ու
կ’ուտէ զանոնք, յետոյ ալ կ’ուտէ Աքլորը անոր ըսելով.
-Իմ սիրունի՛կ Աքլոր, գիտե՞ս, թէ ի՜նչ դժուար պիտի ըլլար Սուրբ
Կարապետ անօթի փորով ուխտի երթալը…
Կազմող եւ մշակող՝ Արմէն Սարգիսեան
Արեւելահայերէնէ արեւմտահայերէնի վերածեց՝ Արթուր Անդրանիկեան

ՈՒխՏԱՎՈՐ ԱՂՈՒՍԸ
Մի օր Աղուսը ասւմ է Աքլորին․
-Ինչ գեղեցիկ և անուշ ես երգում, դու Աքլորիկ։Երանի գիշեր-ցերեկ այստեղ նստեի և անուշ ձայնդ լսեի։Ափսոս, որ վաղուց չէի լսում քո ձայնը․ Մեղավոր եմ, Սուրբ կարապետի ուղտի պետք է գնաի։
Սիրունի՛կ Աքլոր, խնդրում եմ մեզ բնակարան տաս , որպեսզի մեղքերիս ամար թողութևին խնդրեմ հայերեն։
-Այս  քաղցր խոսքերն Աքլորի սիրտը փափկեցնում է և նա ասում է․
-Գնանք քեզ ցույց տամ բնակարանը։
Աղուսը աքլորի հետևից մտնում է բնակարան,նա խեղդում է բոլոր հայերին և ուտում նրանք իսկ հետո ուտում Աքլորին, ասելով․
-Իմ սիրունիկ Աքլոր, գիտե՞ս, թե ինչքան դժվար պետք է լինի Սուրբ Կարապետ անօթի կուշտ փորով գնալը․․․․

ՏՈ՛ՒՐ ՀԱ ՏՈ՛ՒՐ (արևմտահայերեն)
Մարդ մը անընդհատ կ’աղօթէր Աստուծոյ ու կը խնդրէր.
-Աստուա՜ծ, գոնէ անգամ մըն ալ ինծի՛ տուր, ի՞նչ կ՚ ըլլայ։ Տո՜ւր, որպէսզի
քիչ մըն ալ ես մարդավարի* ապրիմ։
Աստուծոյ հրեշտակներէն մէկուն խիղճը կը տանջէ։ Ան
կ’երթայ Բարձրեալին* քով ու կ’ըսէ.
-Տէ՜ր Աստուած, ոչ ոք խնդրանքով այդքան կ’աղօթէ Քեզի։ Մեղք է ան։
Անգամ մըն ալ այդ Մարդուն տուր։
-Ըսելիք չունիմ, կ’օգնեմ, կու տամ։ Բայց բազկաթոռին վրայ երկնցեր է ու
կ’ըսէ՝ տո՛ւր հա տո՛ւր։ Նման մէկուն ինչպէ՞ս տամ։ Անիրաւը գոնէ տեղէն
վեր ելլէր, գործ մը ընէր, ես ալ օգնէի՝ տայի…։

Կազմող եւ մշակող՝ Արմէն Սարգիսեան
Արեւելահայերէնէ արեւմտահայերէնի վերածեց՝ Արթուր Անդրանիկեան

ՏՈ՛ՒՐ ՀԱ ՏՈ՛ՒՐ
Մի մարդ անընդհատ աղոթում էր Աստծուն ու խնդրում․
Աստված, գոնե մի անգամ էլ ինձ տուր, ինչ կլինի։ Տուր, որպեսզի մի քիչ էլ ես մարդավարի ապրեմ։
Աստծո հրեշտակներից մեկի խիղջը տանջեց, նա գնաց Բարձրեալի մոտ ու ասաց․
-Տեր Աստված, ոչ ոք այդքան խնդրանքով չի աղոթում քեզ։ Մեղք է։
Գոնե մեկն էլ այդ մարդուն տուր։Բայց բասկաթոռի վրա պարկում է ու ասում տուր հա տուր։ Նրա նմանին ինչպես տամ։ Անիրավը գոնե տեղից վեր կենար, գործ աներ, ես էլ օգնեի՝ տայի։

ԱԳԱՀ ՄԱՐԴԸ (արևմտահայերեն)

Ագահ ու աչքը ծակ մարդ մը Աստուծմէ հետեւեալը կը խնդրէ.
-Տէ՛ր Աստուած, այնպէս ըրէ, որ ի՛նչ բանի որ դպչիմ՝ ոսկի դառնայ։
Աստուած կը կատարէ անոր ուզածը։ Ագահը դանակ կ՚առնէ որ հաց կտրէ,
սակայն ո՛չ միայն դանակը ոսկի կը դառնայ, այլեւ՝ հացը։
Լեղապատառ*՝ կ’երթայ ջուր խմելու. գաւաթին հետ… ջուրն ալ ոսկի կը
դառնայ։ Ինչի որ դպչի՝ ոսկիի կը վերածուի։
-Վա՜յ, Աստուած իմ, այս ի՞նչ փորձանք բերիր գլխուս, չե՛մ ուզեր, ա՛լ ոսկի
չեմ ուզեր, միայն կը խնդրեմ, որ լաւութիւնդ ետ վերցնես…։
Աստուած ագահ մարդուն աղաչանք-պաղատանքին չ’արձագանգեր, եւ ան
ոսկիի մէջ թաղուած, այնքա՜ն անօթի-ծարաւ կը մնայ, որ քանի մը օրէն կը
մեռնի…։
Կազմող եւ մշակող՝ Արմէն Սարգիսեան
Արեւելահայերէնէ արեւմտահայերէնի վերածեց՝ Արթուր Անդրանիկեան

ԱԳԱՀ ՄԱՐԴԸ

Ագահ և աչքը ծակ մարդը մի անգամ Աստծուն հետևալն է խդրում․
-Տեր Ատված, այնպես արա, որ ինչ բանի դիպչեմ ՝ ոսկի դառան։
Աստված կատարում նրա ուզածը։Ագահը դանակն է առնում ձեռքը որ հացը կտրի, սակայն որ միայն դանակն է ոսկի դառնում այլ նաև հացը։
Լեղապատար գնում է ջուր խմելու գավաթի հետ․․․ ջուրն էլ է ոսկի դառնում։Ինչին որ դիպչում էր ոսկիի էր վերածվում։
-Վայ, Աստված իմ, այս ի՞նչ փորձանք բերեցիր իմ գլխին, չեմ ուզում, այլևս ոսկի չեմ ուզում, միայն խնդրում եմ, որ լավությունդ հետ վերցնես։
Այստտված ագահ մարդու աղաչանքը-պաղատանքին չի արձագանքում և այն ոսկու մեջ կորած, այքան անօթի-ծարավ է մնում, որ քանի օր հետո մեռնում է։

ՄՈՒԿԵՐՈՒ ԺՈՂՈՎԸ (արևմտահայերեն)
Անգամ մը մուկերը ժողովի կը հաւաքուին խորհելու, թէ ի՞նչ ընեն կատուին
յարձակումներէն զգուշանալու համար։
-Եկէ՛ք կատուին վիզէն զանգակ մը կախենք։ Կատուն երեւալուն պէս,
զանգակը ձայն կը հանէ, մենք ալ կը լսենք ու կը փախչինք, — կ’ըսէ մուկ մը։
-Ի՜նչ հրաշալի բան խորհեցանք,- կ’ըսեն մուկերը։
Ուրիշ մուկ մըն ալ թէ՝Հրաշալի ըլլալու հրաշալի է, բայց թող մէջտեղ ելլէ ան, որ կրնայ զանգակը
տանիլ ու կատուին վիզէն կախել…
Բոլորը իրարու կը նային ու …քար լռութիւն կը տիրէ…

Մկների ժողովը
Անգամ մկներն էին հավաքվում ժողովի խորհելու, թե ինչ անեն կատվի հարձակումներից զգուշանալու համար։
-Եկեք կատվի վիզը մի զանգակ կախենք։ Հենց կատուն երևա, զանգակը ձայն կհանի, մենք էլ կլսենք ու կփախչենք, -ասում է մուկը։
-Ինչ հրաշալի բան մտածեցինք,-ասում են մկները։
Մյուս մուկն էլ ասում է թե՝ հրաշալի լինելու հրաշալի է, բայց թող մեջտեղ գա նա, կարողանա զանգակը տանի կատվի վզից կախի․․․
Բոլորը իրար էին նայում ու ․․․քար լռություն էր տիրում․․․

ԵՐԵՔ ՀԱՐՈՒՍՏ (արևմտահայերեն)
Երեք հարուստ կը վիճին ու վէճը հարթելու համար կ՚երթան Խիկար
իմաստունին քով.
—Մենք եկած ենք գիտնալու, թէ մեզմէ ո՞վ հարուստ է։
—Դու՛ն խօսիր,— կը դիմէ իմաստունը առաջին մարդուն։
—Ես ոսկիի ու արծաթի, տուն ու տեղի, ունեցուածքի եւ արտ ու դաշտի տէր
եմ, հարստութեանս չափ ու սահման չկայ։
—Հիմա ալ դո՛ւն խօսէ տեսնենք,—կը դիմէ երկրորդին։
—Ես թէեւ թագաւորին զօրապետն եմ, բայց իրմէ երեք անգամ աւելի
հարուստ եմ։
—Իսկ դո՛ւն ինչ կ՚ըսես,— կը դիմէ Իմաստունը երրորդին։
—Ի՞նչ ըսեմ։ Ես ո՛չ պաշտօն ունիմ, ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ, ո՛չ ալ արտ ու
դաշտ։ Ես գիտուն մարդ մըն եմ, ունեցած-չունեցածս գլխուս մէջն է։
Երեքը լսելէն յետոյ Խիկար Իմաստուն կ՚ըսէ.
—Ձեզմէ ամէնէն հարուստը գիտունն է. անոր հարստութիւնը մնայուն ու
անվերջանալի է եւ ոչ ոք կրնայ զայն խլել անկէ…։

ԵՐԵՔ ՀԱՐՈՒՍՏ (արևմտահայերեն)

Երեք հարուստներ վիճում են ու վեճը հարթելու համար գնում են Խինկար իմաստունինի մոտ։
-Մենք եկել ենք իմանալու, թե մեզանից ո՞վ է ամենահարուստը։
-Դու խոսիր,-դիմում է իմաստունը առաջին մարդուն։
-Ես ոսկիի և արծաթի, տան և տեղի, ունեցվածքի և արտ ու դաշտի տեր եմ, հարստությանս չափ ու սահման չկա։
-Հիմա դու խոսիր, տեսնենք,-դիմում է երկրորդին
-Ես թեև թագավորի զորապետն եմ, բայց նրանից երեք անգամ հարուստ եմ
-Իսկ հիմա դու ասա,-դիմեց իմաստունը երրորդին։
-Ես ի՞նչ ասեմ։Ես ոչ պաշտոն ունեմ, որ ոսկի, ոչ արծաթ, ոչ էլ արտ ու դաշտ։Ես գիտուն մարդ եմ,ունեցած-չունեցածս իմ գլծում է։
Երերքին լսելուց հետո Խիկար Իմաստունն ասում է․
-Ձեզանից ամենահարուստը գիտունն է․ նրա հարստությունը մնայուն է և անվերջանալի է ու ոչո ոք չի կարող խլելե այն։

Հովհաննես Թումանյան: Ինքնակենսագրություն:

Մեր տոհմը Լոռու հին ազնվական տոհմերից մեկն է։ Իր մեջ ունի պահած շատ ավանդություններ։ Այդ ավանդություններից երևում է, որ նա եկվոր է, բայց պարզ չի՛, թե ո՛րտեղից։ Թե եկվոր է՛լ է, անհերքելի հիշատակարանները ցույց են տալիս, որ նա վաղուց է հաստատված Լոռու Դսեղ գյուղում։

Իմ հայրը, Տեր Թադեոսը, նույն գյուղի քահանան էր։ Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ կյանքում, այդ եղել է իմ հայրը։ Նա ազնիվ մարդ էր և ազնվական՝ բառի բովանդակ մտքով։ Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող։

Իսկ մայրս բոլորովին ուրիշ մարդ էր։ Երկու ծայրահեղորեն տարբեր արարածներ հանդիպել էին իրար։ Մայրս – Սոնան, որ նույն գյուղիցն էր, սարում աչքը բաց արած ու սարում մեծացած, մի կատարյալ սարի աղջիկ էր, ինչպես գյուղացիքն են ասում,— մի «գիժ պախրի կով»։ Նա չէր կարողանում համբերել հորս անփույթ ու շռայլող բնավորությանը, և գրեթե մշտական վեճի մեջ էին այդ երկու հոգին։ Ա՛յդ էր պատճառը, որ հայրս երբեմն թաքուն էր տեսնում իր գործը։ Շատ է պատահել, որ, մայրս տանից դուրս է գնացել թե չէ, ինձ կանգնեցրել է դռանը, որ հսկեմ, ինքը ցորենը լցրել, տվել մի որևէ պակասավոր գյուղացու կամ սարից իջած թուրքի շալակը։

Իրիկունները, երբ տուն էինք հավաքվում, մայրս անդադար խոսում էր օրվան անցածի կամ վաղվան հոգսերի մասին, իսկ հայրս, թինկը տված՝ ածում էր իր չոնգուրն ու երգում Քյորօղլին, Քյարամը կամ ո՛րևէ հոգևոր երգ։

Ահա այս ծնողներից ես ծնվել եմ 1869 թվի փետրվարի 7-ին։ Մանկությունս անց եմ կացրել մեր գյուղում ու սարերում։

Մի օր էլ մեր դռանը մայրս ճախարակ էր մանում, ես խաղում էի, մին էլ տեսանք, քոշերը հագին, երկար մազերով ու միրքով, երկաթե գավազանը չրխկացնելով, մի օտարական անցավ։

–Հասի՛ր, էդ կլեկչուն կա՛նչիր, ամանները տանք, կլեկի,– ասավ մայրս։ Խաղս թողեցի, ընկա ուստի ետևից կանչեցի։ Դուրս եկավ, որ կլեկչի չէ, այլ մեր ազգականի փեսա տիրացու Սհակն է։ Սկսեցի զրույց անել։ Տիրացուն խոսք բաց արավ իր գիտության մասին։

– Տիրա՛ցու ջան, բա ի՜նչ կլինի, մեր գեղումը մնաս, երեխանցը կարդացնես,– խնդրեց մայրս։

– Որ դուք համաձայնվեք, ինձ պահեք, ես էլ կմնամ, ի՜նչ պետք է ասեմ,– հայտնեց տիրացու Սհակը։

Գյուղումն էլ տրամադրություն կար, և, մի քանի օրից հետո, տիրացու Սհակը դարձավ Սհակ վարժապետ։ Մի օթախում հավաքվեցին մի խումբ երեխաներ, տղա ու աղջիկ շարվեցին երկար ու բարձր նստարանների վրա, եղավ ուսումնարան, և այստեղից սկսեցի ես իմ ուսումը։

Մեր Սհակ վարժապետը մեզ կառավարում էր «գաւազանաւ երկաթեաւ»։ Իր երկաթե գավազանը, որ հրացանի շամփուրի էր նման, երբեմն ծռում էր երեխաների մեջքին, ականջները «քոքհան» էր անում և մեծ կաղնենի քանոնով «շան լակոտների» ձեռների կաշին պլոկում։ Ես չե՛մ կարողանում մոռանալ մանկավարժական այդ տեռորը։

Վարժապետի առջև կանգնած երեխան սխալ էր անում թե չէ, սարսափից իրան կորցնում էր, այլևս անկարելի էր լինում նրանից բան հասկանալ, մեկը մյուսից հիմար բաներ էր դուրս տալի։ Այն ժամանակ կարմրատակում, սպառնալի, չուխի թևերը էտ ծալելով, տեղից կանգնում էր վարժապետը ու բռնում… Քիթ ու պռունկն արյունոտ երեխան, գալարվելով, բառաչում էր վարժապետի ոտների տակ, զանազան սրտաճմլիկ աղաչանքներ անելով, իսկ մենք, սփրթնած, թուքներս ցամաքած, նայում էինք ցրտահար ծտերի նման շարված մեր բարձր ու երկար նստարանների վրա։ Ջարդած երեխային վերցնում էին մեջտեղից։

– Արի՛,– դուրս էր կանչում վարժապետը հետևյալին…

Մի երեխայի ուսումնարան ղրկելիս հայրը խրատել էր, թե՝ «վարժապետն ի՛նչ որ կասի, դու էլ էն ասա»։ Եկավ։

Վարժապետն ասում է՝ «Ասա՛ այբ»։

Նա էլ կրկնում է՝ «Ասա այբ»։

– Տո շան զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա այբ»։

– Տո շան զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա այբ»։

Այս երեխայի բանը հենց սկզբից վատ գնաց, և այնքան ծեծ կերավ, որ մի քանի ժամանակից «ղաչաղ» ընկավ, տանիցն ու գեղիցը փախավ, հանդերումն էր ման գալի։ Բայց մեր Սհակ վարժապետի չարությունից չէր դա։ Այս տեսակ անաստված ծեծ այն ժամանակ ընդունված էր և սովորական բան էր մեր գյուղական ուսումնարաններում։ Գյուղացիներից էլ շատ քչերն էին բողոքում։ Այդ ծեծերից ես չկերա, որովհետև վարժապետը քաշվում էր հորիցս, բայց մանավանդ մորիցս էր վախենում։ Չմոռանամ, որ Սհակ վարժապետին սիրում էին մեր գյուղում և մինչև օրս հիշում են։

Տասը տարեկան, մեր գյուղից հեռացել եմ Ջալալօղլի, ուր մեծ և օրինակելի ուսումնարան կար, այդ ժամանակ Լոռում շատ հայտնի «Տիգրան վարժապետի» հսկողության տակ։ Այնտեղից էլ անցել եմ Թիֆլիս՝ Ներսիսյան դպրոց, որ չեմ ավարտել։

Շատ վաղ եմ սկսել ոտանավոր գրել։ 10—11տարեկան ժամանակս Լորիս-Մելիքովի վրա երգեր էին երգում ժողովրդի մեջ։ Այդ երգերին տներ էի ավելացնում և գրում էի զանազան ոտանավորներ–երգիծաբանական, հայրենասիրական և սիրային։ Սիրային ոտանավորներից մեկը, մի դեպքի պատճառով, տարածվեց ընկերներիս մեջ ու մնաց մինչև օրս։ Ահա՛ այդ ոտանավորը.

Հոգուս հատոր
Սըրտիս կըտոր,
Դասիս համար
Դու մի՛ հոգար,
Թե կան դասեր
Կա նաև սեր,
Եվ ի՜նչ զարմանք,
Իմ աղավնյակ,
Որ կենդանի
Մի պատանի
Սերը սըրտում
Դաս է սերտում:

Գիշերային առաջին աստղի դիմաց

ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ԱՍՏՂԻ ԴԻՄԱՑ

Արևը թռավ, երկինք ու երկիր
Առավ խավարը գիրկն համատարած.
Դուն, փայլուն աստղիկ, դարձյալ շողացիր
Արդյոք այս գիշեր ի՞նչ բերիր մարդկանց։

Դուն ավետեցիր ժամը տեսության
Այն սիրատենչիկ սիրահարներին.
Որ սրտատրոփ անհամբերությամբ
Սպասում էին խաղաղ գիշերին։

Դուն երևացիր խավար երկնքից…
Օ՜, նա սպասում էր քո երևալուն.
Ահա հուսահատ, զզված յուր կյանքից,
Խեղդվելու գնաց մարդկանցից թաքուն։

Դուն երևացիր և բազկատարած
Պատրաստվում է մեկն աղոթք անելու,
Այնինչ, մի ուրիշն յուր զենքերն առած
Գնում է անմեղ մարդ սպանելու։

Իսկ մեծատունը, խնջույքից հոգնած,
Հանգստանում է. ա՜խ, թե նա հիշեր,
Որ յուր պալատի պատի տակ կանգնած
Թշվառն օթևան չունի այս գիշեր…

Դուն, փայլուն աստղիկ, որ շողշողում ես,
Ինչպես սիրուհու թրթռուն տենչանք,
Ամեն գիշեր ինձ համար բերում ես
Կրքերի հուզմունք և հոգու տանջանք։

Ավետիք Իսահակյանի հուշերը Տերյանի մասին

Վահանի եղբայրներին՝ Ջավաղեցուն և Արամին ճանաչում էի վաղուց և գիտեի, որ նրանք եղբայր ունեն Լազարյան ճեմարանում, իսկ իրեն՝ Վահանին, առաջին անգամ տեսա Մոսկվայում, 1940թ. մարտ ամսին այցի էի գնացել Լազարյան ճեմարան: Ինձ շրջապատեցին մի քանի ուսանող-աշակերտներ, որոնց մեջ էր Վահանը: Բոլորն ինձ հարցեր էին տալիս և հարցերիս պատասխանում: Ցույց էին տալիս ճեմարանի սրահները, գրադարանը, դահլիճը և այլ անկյուններ, պատմում էին ճեմարանի հինավուրց ավանդույթներից, մինչդեռ Վահանը լուռ ու անխոս հետևում էր մեզ՝ աչքը վրայիցս չհեռացնելով: Երբ խոսք էի ուղղում նրան կարմրում ու շփոթվում էր:

Մնաք բարևին՝ Վահանը ձեռքս ամուր սեղմեց և շշնջաց. «Շատ ուրախ եմ, որ Ձեզ տեսա»: Ես հրավիրեցի նրան ինձ մոտ: Մի երկու օր հետո Վահանն իր ընկերոջ հետ մոտս եկավ: Որքան ուղեկցող ընկերը սիրում էր շատախոսել, նույնքան նա լուռ էր կամ սակավախոս: Առաջինը հետաքրքրվում էր Կովկասի քաղաքական կացությամբ, իսկ Վահանը հետաքրքրվում էր գրականությամբ, ինչ են գրում Ղ.Աղայանը, Շիրվազանդեն, Հ.Թումանյանը, Դ.Դեմիրճյանը և ուրիշները:

Երբ ես նայում էի նրան՝ հուզվում էր, գլուխը կախում: Իմ հարցին, թե՝ արդյոք ուսանողությունը հետևում է հայ գրականությանը, Վահանը, կարծես, բոլոր ուսանողների կողմից, իբրև պատասխան, կարմրելով արտասանեց իմ ոտանավորներից մի երկու նմուշ:

Հաջորդ տարին, 1905 թվին, ամռանը Ախալքալաքի գավառումն էի: Թափառումերիս ընթացքին հյուր եղա Վահանեց ընտանիքի մոտ Գանձա գյուղում: Վահանի հայրը քահանա էր, մի շատ տարօրինակ և հետաքրքրական մարդ: Բոլոր որդիները, մանավանդ Վահանը, ապշեցուցիչ նմանություն ունեին իրենց հորը՝ սև, ներքին հրով վառ աչքեր, սուր հայացք, թուխ մազեր, ջղային կազմվածք:

Վահանի մայրը վաղուց վախճանված էր, և տունը քույրն ու մեծ հարսն էին կառավարում: Ընտանիքը հուզիչ գուրգուրանք ուներ Վահանի հանդեպ, որ տան կրտսերն էր, և Վանիկ էին կոչում նրան:

Վարդավառի կիրակին էր, մի պայծառ օր: Գնացինք Գանձայից ոչ շատ հեռու ս.Հովաննեսի մատուռը, որը ուխտատեղի էր:

Ես ու Վահանը նստել էինք մատուռի տակ, ծխում էինք ու դիտում պարողներին և քեֆ անողներին:

Վահանի լեզուն բացվել էր, այլևս չէր քաշվում ինձնից:

Մյուս օրը առավոտյան գնացինք տեսնելու Փարվանա լիճը: Բարձրացանք մի բլրակի վրա, որը իշխում էր շրջակայքին: Վահանը հափշտակված նայում էր ՝ հայացքը թափառելով ամեն կողմ, և արտասանեց յուրովի Հ.Թումանյանի «Փարվանայից».-Նայի՜ր, -ասում էր Վահանն ինձ, – ա՜խ, ի՜նչ տխուր աչքեր ունեն մեր գյուղացիները, ի՜նչ մտահոգ դեմքեր՝ արևով, անձրևով այրված ու բովված: Ի՜նչ դառն աղքատւթյուն է կաթում վրաներից, բայց ուրախանում են: Բայց ի՜նչ թաղծոտ ուրախություն է այս: Իբրև թե ուրախ երգեր են երգում, բայց ի՜նչքան վիշտ ու մորմոք կա սրանց ուրախ երգերի մեջ: Դարերի տառապանքն է խոսում սրանց բերանով: Այս ժողովրդին մեր ինտելիգենցիան չի կարող հասկանալ, ու՞ր մնաց օտարը: Մեր նոր գրողներից Թումանյանը և դու, միայն երկուսդ, զգում եք մեր ժողովրդին: Ձեզնից հետո կամ նոր, բոլորովին նոր երգ պիտի ասել, կամ պիտի լռել:

-Շատ եմ սիրում իմ բարձրագահ հայրենիքը և նրա խոնարհ ժողովրդին, որ աշխատում է ու երազում, տքնում է ու երգում…

«Այս պատանու հոգին,- մտածում էի ես,- պարուրված է երազով, ինչպես իր հայրենի լեռներն ու լճակները՝կապույտ մշուշով…»:

Եվ այս սրտագին զրույցներից այն խորին տպավորությունն առա, որ ես բանաստեղծական էության հետ գործ ունեմ, որ այս զգայուն հոգում ապրումները մթին խորության մեջ են կատարվում, որ նա աշխարհը զգում է երազներով և երազների մեջ:

Անջնջելի կենդանի են իմ հոգում այն քնքուշ երեկոները և անդորր գիշերները, որ ապրել եմ Վահանի մայրենի գյուղում, պատանի Վահանի հետ միասին:
———
1906 թվին, հունվարին, Վահանին և իր դասընկերոջը հանդիպեցի Թիֆլիսում: Հեղափոխական հուզումնալից իրադարձությունների հետևանքով ժամանակավորապես գոցված էր Լազարյան ճեմարանը, ուստի նրանք վերադարձել էին Կովկաս: Նրանք ուզում էին հեղափոխական աշխատանք, պրոպագանդ տանել ժողովրդի մեջ: Ընդառաջելով նրանց փափագին, որոշեցի նրանց հետս տանել Ալեքսանդրապոլ (Լենինական) և ուղարկել Շիրակի գյուղերը, որպեսզի ժողովրդին բացատրեն Ռուսաստանում տեղի ունեցող անցքերը:

Այսօրվա պես հիշում եմ. – Վահանն ու դասընկերը՝ ահագին, սև ծոպավոր փափախները գլխներին՝ ոգևորված վագոն նստեցին:

Ալեքպոլում հաճախ լինում էին նրանք ինձ մոտ, ես էլ նրանց մոտ, հյուրանոցում: Մինչև ուշ գիշեր զրույց էինք անում, բայց ոչինչ չեմ հիշում հիմա այդ զրույցներից: Միայն երկու դեպք եմ վերհիշում:

Մի երեկո Վահանի ընկերը ինձ ասաց, թե Վահանը բանաստեղծություններ է գրում: Վահանը դողդոջ ձայնով կարդաց մի քանի հատ: Բնավ չհավանեցի, դժգույն բաներ էին, մեծ մասով իմ ոտանավորների, Թումանյանի և ուրիշների նմանություններ:

Բանաստեղծական տրամադրությամբ լցված մի երիտասարդ, լավագույն կերպով պատրաստված, տեղյակ հին ու նոր գրականության… և այսպիսի թույլ բաներ: Շատ հիասթափվեցի: Վահանը դեռ իրեն չէր գտել. Հրաշքը դեռ տեղի չէր ունեցել:

Երկրորդ վերհուշս այս է:

Նրանք գյուղերը շրջելիս, եղբորս մոտ հյուր էին եղել Ղազարապատ գյուղում. այնտեղից էլ ձմեռ օրով գնացել էին Անի:

-Անսահման գեղեցիկ է Անին,- ասում է Վահանը: Եվ իրոք, Անին իր ճարտարապետական հուշարձաններով ազդել էր նրա մտքի և երևակայության վրա:
——–
1908 թվին, ամռանը Թիֆլիսում պատահեցի Վահանին: Պիտի հրատարակեր իր բանաստեղծությունների առաջին գրքույկը՝ «Մթնշաղի անուրջները»: Տպելուց առաջ Հ. Թումանյանի մոտ կարդացել էր ձեռագիրը, ուզեց ինձ մոտ էլ կարդալ՝ «անկեղծ կարծիքս» իմանալու համար: Հյուրանոցիս սենյակում ենք: Հուզված կարդում է ոտանավորները, մեկը մյուսի ետևից. քանի առաջանում է ընթերցումը, ավելի է հուզվում. ես սրտով և ուշով հետևում եմ ընթերցումին: Տետրակը չավարտած՝ ես անհամբերությունից մղված՝ գոչեցի. «Կեցցե՛ս, Վանիկ ջան, հրաշալի բաներ են, բյուրեղացած զգացումներ՝ անթերի ձևերի մեջ: Իսկական քնարերգությունը սա է- մաքուր լիրիկա»: Զարմացա, որ նախորդ ոտանավորներից այստեղ չկար:

Վահանի ներհուն աչքերը փայլատակեցին ուրախությամբ: -«Հ.Թումանյանն էլ շատ հավանեց: Երկուսիդ կարծիքը բացարձակ արժեք ունի ինձ համար: Այլևս քննադատությունից վախ չունեմ»:

Երեկոյան եղա Հ.Թումանյանի մոտ և հիացմունքս հայտնեցի Վահանի բանաստեղծությունների նկատմամբ:

-Հա է՜,շատ դրուստ ես ասում: Շատ գեղեցիկ են և գրեթե մեր լիրիկայի մեջ բոլորովին նոր բաներ: Պատկերները թեև թույլ են և քիչ, բայց լեզուն՝ մաքուր զտված և արծաթե զանգի պես՝ հնչուն: Իմ ազդեցությունը բնավ չտեսա այնտեղ, բայց քո և Դերենիկի տրամադրությունների արձագանքը կարծես կա, մանավանդ՝ քո: Դու ի՞նչ ես կարծում, համենայն դեպս՝ մեր վերնատան մեջ պատվավոր տեղ ունի…

Երկու տարվա ընթացքում հրաշքը կատարվել էր,Վահանը գտել էր իրեն և արվեստի գաղտնիքը: Վահանի երևումով մեր քնարերգության մեջ մի նոր էջ բացվեց:

Վահանը հաճախ գրում էր ինձ Մոսկվայից: Հայտնում էր իր ծրագրերի, իր գրածների և գրելիքների մասին:

1909 թվին, ամռանը, Ախալքալաք գնալիս Վահանը կանգ առավ Ալեքպոլում, մի քանի օր ինձ մոտ հյուր մնալով՝ կարդաց իր նոր գրած «Ոսկի հեքիաթ» ցիկլից: Ես էլ գրել էի «Աբու-Լալա Մահարին», ցույց տվի նրան, հավանեց և մի քանի նկատողություններ արավ: Նրա խորհրդով նախերգանքի մեջ, -Մահարու հակիրճ կենսագրականում, -փոփոխություն մտցրի, որ մինչև այսօր էլ չգիտեմ լավ արեցի, թե վատ:

Ավելորդ չեմ համարում մեջ բերել այդ: Գրել էի այսպես.
«…Եվ մի գիշեր, երբ շատ լքված էր նա և սրտաբեկ, դուրս հանեց երևակայության միջից քաջագնաց ուղտերի մի քարավան՝ ընտիր սարքով, և մինչ Բաղդադը քուն էր մտել Տիգրիսի նոճիածածկ ափերի վրա – գաղտնի հեռացավ քաղաքից…»:

Վահանը գտավ, որ սա շատ անիրական կթվա, շատ անհամոզիչ: Եվ, ուրեմն, իբրև թե ավելի համոզիչ կլինի, եթե Մահարին իրական քարավան ունենա:

Այս տեսակցությունը, դժբախտաբար, վերջինը եղավ. էլ չտեսանք իրար. Ո՞վ կարող էր երևակայել, թե այս հազվագյուտ տաղանդն իր ստեղծագործական փթթումի պահին պիտի թողնի մեզ…այսպես վաղաժամ:

Աղբյուրը

Վահան Տերյան, Տրիոլետներ

Խոր են քո հուր աչքերը

Խոր են քո հուր աչքերը,
Հուրդ իմ հուրն է այրում,
Սիրտըս երգում է հրում,
Խոր են քո հուր աչքերը։
Հուր են քո սուր տեգերը,
Հուրդ վառված իմ հրում,
Խոր են քո հուր աչքերը,
Հուրըդ իմ հուրն է այրում։

Տեսա երազ մի վառ

Տեսա երազ մի վառ.
Ոսկի մի դուռ տեսա,
Վրան փերուզ կամար,
Սյուները հուր տեսա։
Տեսա ծաղկած այգին,
Սոսի սուրբ ծառ տեսա,
Մի հրեշտակ անգին
Սոսից պայծառ տեսա։
Երկու բաժակ տեսա,
Ոսկի գինին էր վառ.
Երկու նիզակ տեսա,
Երկու անգին գոհար։
Սիրտս խոցված տեսա,
Վերքիս արյունն էր վառ.
Դահճիս կանգնած տեսա
Ասի — արևս ա՛ռ…

Մետաքսե, Նոր տարվա գիշեր, Պարույր Սևակ, Արի Նոր տարի

Մետաքսե, Նոր տարվա գիշեր

Թե աշխարհում փակ դռներ կան, թող որ բացվեն այս գիշեր,
Ու Նոր տարին նոր խնդությամբ թող ներս մտնի այս գիշեր,
Թե կան դատարկ, համր տներ` մանկան ճիչով թող լցվեն,
Ով փնտրում է սրտանց մեկին` հանկարծ գտնի այս գիշեր:
Թե կան լացող, տխուր աչքեր, թող ծիծաղեն այս գիշեր,
Կանչող ձեռքերն իրար հասնեն, հրաշք ապրեն այս գիշեր;
Թե կան սրտեր` չար նախանձով, դառնան բարի ու ներող,
Եվ ուրիշի ուրախ կյանքով խանդավառվեն այս գիշեր:
Թե մոլորված անցորդներ կան, դարձի թող գան այս գիշեր,
Սրբագործված սիրով մտնեն իրենց օջախն այս գիշեր,
Թե կան բախտի փշոտ ճամփեք, թող ծաղկունքով կանաչեն
Ու երջանիկ սպասումով բոլորն արբեն այս գիշեր…
Թե աշխարհում պանդուխտներ կան, թող տուն դառնան այս գիշեր,
Հայրենական հավերժությամբ ողջագուրվեն այս գիշեր:

Պարույր Սևակ, Արի Նոր տարի
Արի՜, Նո՛ր Տարի,
Գալուստդ բարի՜,
Եվ արթնացրո՛ւ քո թնդուն քայլով
Ուշ մնացածին,
Քնով տարվածին.
Տո՛ւր ապաքինում հոգով ցավածին,
Հիասթափվածին՝ նոր մի հիացում,
Սիրասթափվածին՝ մի նոր միացում.
Ձեռքից հավատը փախուստ տվածին,
Իբրև Նոր Տարվա բաղձալի նվեր,
Տո՛ւր նոր հավատի կապակուռ թևեր,
Մանկանը՝ մեծի մտքի լիացում,
Մեծին՝ մանուկի անարատություն,
Տափարակներին՝ Արարատություն,
Իսկ Երկրագնդին՝ մի առատություն,
Որ նրա վրա Քաղցը այսուհետ
Չունենա ո՛չ մի կայսրություն ու գահ,
Ու Սարսափն իրեն թագակիր չզգա.
Որ Ազատությունն իր բառե գունեղ շապիկը ճեղքած
Տրվի ճախրանքի,
Ու Մարդն ազատվի իր հին գերության նոր հաճախանքից,
Ու Մարդն այսուհետ ո՛չ մի տեղ երբեք չգունավորվի.
Եվ որ այլևըս ո՛չ մի ժողովուրդ,
Ո՛չ մի ազգ ու ցեղ
Պատմության քափից ու սև մրուրից չթունավորվի,
Դառնա լիազո՛ր, դառնա լիիրա՛վ,-
Ու մենք, վերջապե՜ս, հասկանա՛նք իրար։
Նաև հասկանա՛նք,
Որ մեր իսկ արյան գնդիկը մանըր
Այս Երկիր կոչված գնդից ավելի մեծ է ու ծանըր..

Նոր տարին հայ բանաստեղծների ստեղծագործություններում

Ռափայել Պատկանյան, Նոր տարի

Երնե~կ, թե այս Նոր տարին
Վերջ տար հայի ցավերուն,
Չարը կորչեր, ու բարին
Բուն դներ մեր սրտերուն;
Երնե~կ, թե այս Նոր տարին
Ազատ շնչեր Հայաստան,
Եվ շուրջ Մասիս մեր սարին
Փայլեին արտ-անդաստան:
Երնե~կ, թե այս Նոր տարին,
Ոտքի կանգներ Հայաստան,
Եվ կիսաքանդ մեր Կարին
Լիներ քաղաք մի ոստան:
Երնե~կ, թե այս Նոր տարին
Հայ սրտի մեջ ուժ հոսեր,
Ապավինած յուր սրին,
Հայը բնավ չի սարսեր;
Երնե~կ, թե այս Նոր տարին
Հայ ազգ ի մի գումարվեր,
Ի գլուխ Կարնո հայ ամրին
Հայ դրոշակ ծածաներ:
Հայեր, երբեք չերկմըտենք,
Կկատարվի այդ ամեն,
Եթե իսպառ մենք հանենք
Փոքրոգություն մեր սըրտեն:

Ղազարոս ԱղայանՆոր տարի

Արի, դու,արի
Քո գալդ բարի,
Սիրուն Նոր տարի,
Նոր օրեր բեր մեզ:

Ձյուն տուր սարերի,
Անձրև` արտերին,
Կարկուտը` չարին,
Զով արևը` մեզ:

Անթուփ ծաղիկից,
Աններկ կարմրուկից,
Բարի ցավերից
Ազատ պահիր մեզ:

Մայրական գթով,
Գրկաբաց ձեռքով,
Ուրախ ժպիտով
Առ քո գիրկը մեզ:

Տարին բոլորեց,
Երեսը շրջեց,
Նոր դիպակ դրավ,
Նոր դեմք ցույց տըվավ:

Մարդիկ խնդացին,
Կերան, խմեցին,
Նորադեմ տարուն
Դիմավորեցին: