Մետաքսե, Նոր տարվա գիշեր, Պարույր Սևակ, Արի Նոր տարի

Մետաքսե, Նոր տարվա գիշեր

Թե աշխարհում փակ դռներ կան, թող որ բացվեն այս գիշեր,
Ու Նոր տարին նոր խնդությամբ թող ներս մտնի այս գիշեր,
Թե կան դատարկ, համր տներ` մանկան ճիչով թող լցվեն,
Ով փնտրում է սրտանց մեկին` հանկարծ գտնի այս գիշեր:
Թե կան լացող, տխուր աչքեր, թող ծիծաղեն այս գիշեր,
Կանչող ձեռքերն իրար հասնեն, հրաշք ապրեն այս գիշեր;
Թե կան սրտեր` չար նախանձով, դառնան բարի ու ներող,
Եվ ուրիշի ուրախ կյանքով խանդավառվեն այս գիշեր:
Թե մոլորված անցորդներ կան, դարձի թող գան այս գիշեր,
Սրբագործված սիրով մտնեն իրենց օջախն այս գիշեր,
Թե կան բախտի փշոտ ճամփեք, թող ծաղկունքով կանաչեն
Ու երջանիկ սպասումով բոլորն արբեն այս գիշեր…
Թե աշխարհում պանդուխտներ կան, թող տուն դառնան այս գիշեր,
Հայրենական հավերժությամբ ողջագուրվեն այս գիշեր:

Պարույր Սևակ, Արի Նոր տարի
Արի՜, Նո՛ր Տարի,
Գալուստդ բարի՜,
Եվ արթնացրո՛ւ քո թնդուն քայլով
Ուշ մնացածին,
Քնով տարվածին.
Տո՛ւր ապաքինում հոգով ցավածին,
Հիասթափվածին՝ նոր մի հիացում,
Սիրասթափվածին՝ մի նոր միացում.
Ձեռքից հավատը փախուստ տվածին,
Իբրև Նոր Տարվա բաղձալի նվեր,
Տո՛ւր նոր հավատի կապակուռ թևեր,
Մանկանը՝ մեծի մտքի լիացում,
Մեծին՝ մանուկի անարատություն,
Տափարակներին՝ Արարատություն,
Իսկ Երկրագնդին՝ մի առատություն,
Որ նրա վրա Քաղցը այսուհետ
Չունենա ո՛չ մի կայսրություն ու գահ,
Ու Սարսափն իրեն թագակիր չզգա.
Որ Ազատությունն իր բառե գունեղ շապիկը ճեղքած
Տրվի ճախրանքի,
Ու Մարդն ազատվի իր հին գերության նոր հաճախանքից,
Ու Մարդն այսուհետ ո՛չ մի տեղ երբեք չգունավորվի.
Եվ որ այլևըս ո՛չ մի ժողովուրդ,
Ո՛չ մի ազգ ու ցեղ
Պատմության քափից ու սև մրուրից չթունավորվի,
Դառնա լիազո՛ր, դառնա լիիրա՛վ,-
Ու մենք, վերջապե՜ս, հասկանա՛նք իրար։
Նաև հասկանա՛նք,
Որ մեր իսկ արյան գնդիկը մանըր
Այս Երկիր կոչված գնդից ավելի մեծ է ու ծանըր..

Նոր տարին հայ բանաստեղծների ստեղծագործություններում

Ռափայել Պատկանյան, Նոր տարի

Երնե~կ, թե այս Նոր տարին
Վերջ տար հայի ցավերուն,
Չարը կորչեր, ու բարին
Բուն դներ մեր սրտերուն;
Երնե~կ, թե այս Նոր տարին
Ազատ շնչեր Հայաստան,
Եվ շուրջ Մասիս մեր սարին
Փայլեին արտ-անդաստան:
Երնե~կ, թե այս Նոր տարին,
Ոտքի կանգներ Հայաստան,
Եվ կիսաքանդ մեր Կարին
Լիներ քաղաք մի ոստան:
Երնե~կ, թե այս Նոր տարին
Հայ սրտի մեջ ուժ հոսեր,
Ապավինած յուր սրին,
Հայը բնավ չի սարսեր;
Երնե~կ, թե այս Նոր տարին
Հայ ազգ ի մի գումարվեր,
Ի գլուխ Կարնո հայ ամրին
Հայ դրոշակ ծածաներ:
Հայեր, երբեք չերկմըտենք,
Կկատարվի այդ ամեն,
Եթե իսպառ մենք հանենք
Փոքրոգություն մեր սըրտեն:

Ղազարոս ԱղայանՆոր տարի

Արի, դու,արի
Քո գալդ բարի,
Սիրուն Նոր տարի,
Նոր օրեր բեր մեզ:

Ձյուն տուր սարերի,
Անձրև` արտերին,
Կարկուտը` չարին,
Զով արևը` մեզ:

Անթուփ ծաղիկից,
Աններկ կարմրուկից,
Բարի ցավերից
Ազատ պահիր մեզ:

Մայրական գթով,
Գրկաբաց ձեռքով,
Ուրախ ժպիտով
Առ քո գիրկը մեզ:

Տարին բոլորեց,
Երեսը շրջեց,
Նոր դիպակ դրավ,
Նոր դեմք ցույց տըվավ:

Մարդիկ խնդացին,
Կերան, խմեցին,
Նորադեմ տարուն
Դիմավորեցին: